Մասիսում ծառերը էտելիս ձերբակալված աշխատակիցներին դեռ ազատ չեն արձակել. Հակոբյան
· Մասիս
«Կանաչապատում» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն այս պահին ձերբակալված են և մեզ համար անհասկանալի պատճառով շարունակում են պահվել ոստիկանությունում։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը։
Ինչպես նշեց համայնքի ղեկավարը, նրանք ձերբակալվել են ծառերի էտման աշխատանքներ կատարելիս։
Բանն այն է, որ նոյեմբերի 26-ին ոստիկանության աշխատակիցները հենց ծառերի էտման աշխատանքների ընթացքում ձերբակալել են համայնքային կանաչապատման ՀՈԱԿ-ի երեք աշխատակցի։
Համայնքի ղեկավարը ոստիկանությանը կոչ է արել ազատ արձակել աշխատակիցներին և իրավապահ մարմիններին մեղադրել նախընտրական քարոզարշավի ընթացքում «Կառուցող» դաշինքի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի համար։ ՀՈԱԿ-ի աշխատակիցների ձերբակալման պատճառները Հակոբյանին հայտնի չեն։ Այդուհանդերձ, նրա ունեցած տեղեկություններով՝ աշխատակիցներին ձերբակալել են այն պատճառով, որ նրանք իբր էտում էին ծառերը՝ «Կառուցող» կուսակցության նախընտրական պաստառների ավելի լավ տեսանելիությունն ապահովելու նպատակով։
«Այս ամենն իրենց իսկ հորինած հեքիաթներն են։ Այդ խնդիրը կար ավելի քան 20 օր։ Ես դեռ նույնիսկ արձակուրդ չէի գնացել։ Քաղաքացիներից մեկը համապատասխան խնդրանքով դիմել էր մեզ»,- պարզաբանել է Հակոբյանը։