Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է

· Արտաշատ

Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է

Արարատի մարզի քրեական ոստիկանները բացահայտել են Արտաշատում ավտոմեքենայի հրկիզման դեպքը։ Երկու անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ Ըստ հաղորդագրության՝ նոյեմբերի 17-ի գիշերը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում ավտոմեքենա է այրվում։ Մեքենայի սեփականատերը Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությանը հայտնել է, որ ժամը 04։10-ի սահմաններում հրկիզել են իրեն պատկանող «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան։ Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ գույքը հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։ Քրեական ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հրկիզողները Արտաշատի 25-ամյա և Աբովյանի 24-ամյա բնակիչներ են։ Նոյեմբերի 20-ին երկու երիտասարդներն էլ հայտնաբերվել են, ձերբակալվել և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/1085544.html

©
factor.am