Բացահայտիր Արարատը- Դիմիտրով գյուղ
Դիմիտրով գյուղը տեղակայված է Հայաստանի Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևմուտք:
Գյուղի ընդհանուր տարածքը 3,48 կմ² է:
Բնակավայրը հիմնադրվել է 1831 թվականին: Պատմության ընթացքում կրել է Գայլազոր, Գայլազոր Ներքին, Կույլասար, Ղույլասար ասորական և Ներքին Ղույլասար անվանումները:
1949 թվականի դեկտեմբերի 1-ին վերանվանվել է Դիմիտրով՝ ի պատիվ Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության հիմնադիր Գեորգի Դիմիտրովի: Գյուղն աչքի է ընկնում իր յուրահատուկ բազմամշակութային միջավայրով և հարուստ պատմական ժառանգությամբ. այստեղ կողք կողքի ապրում են հայեր և ասորիներ, որոնց մի մասի նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Պարսկահայաստանից:
Բնակավայրի հոգևոր կոթողներից են հարավարևմտյան եզրին գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին (1868 թ.), հյուսիսում՝ 19-20-րդ դարերի «Սուրբ Օջախ» մատուռը, և կենտրոնում տեղակայված 1840 թվականի Սուրբ Կիրիլ ասորական եկեղեցին:
Դիմիտրովցիներն աչքի են ընկնում աշխատասիրությամբ, համախմբվածությամբ, հյուրընկալությամբ և ազգամիջյան համերաշխությունը պահպանելու մեծ ձգտումով: Տասնամյակներ շարունակ տարբեր ազգային ու հոգևոր ավանդույթներ կրող համայնքը ձևավորել է փոխադարձ հարգանքի և հարևանային ամուր կապերի մշակույթ:
Գյուղի կլիման չոր, խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը -3 °C-ից -5 °C է: Ամառը տևական է՝ մայիսից հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-26 °C, առավելագույնը՝ 42 °C: Հաճախակի են խորշակները, որոնք ազդում են գյուղատնտեսության վրա: Մթնոլորտային տարեկան տեղումները 250-300 մմ են: Բնական կիսաանապատային լանդշաֆտները ոռոգման շնորհիվ վերածվել են կուլտուր-ոռոգելի գոտու:
Բնակիչները զբաղվում են այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային մշակաբույսերի, հացահատիկի աճեցմամբ և անասնապահությամբ:
Տեղակայումը՝ Հայաստան, Արարատի մարզ, Արտաշատի տարածաշրջան
Կոորդինատները՝ 40°00′29″N 44°29′17″E: