Բացահայտիր Արարատը- Վարդաշեն
Վարդաշենը գեղեցիկ և պատմական խոր արմատներ ունեցող գյուղ է: Բնակավայրը նախկինում ունեցել է Մեհրաբլի կամ Մեհրաբլու անվանումները, իսկ 1945 թվականի օգոստոսի 20-ին վերանվանվել է Վարդաշեն:
Գյուղի բնակիչների նախնիների մեծ մասը տեղափոխվել է Պարսկահայաստանից՝ Խոյ և Սալմաստ գավառներից:
Բնակավայրը գտնվում է Արարատյան դաշտում՝ Ազատ գետի հովտում: Կլիման չոր, խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3 °C-ից -5 °C: Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C:
Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը:
Վարդաշենն աչքի է ընկնում իր զարգացած գյուղատնտեսությամբ, առատ բերքով, պտղատու ու խաղողի ընդարձակ այգիներով: Համայնքի տնտեսության մասնագիտացման հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է, որտեղ համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը:
Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 54.8 հա, որոնցից վարելահողերը զբաղեցնում են մոտ 21.3 հա, պտղատու այգիները՝ 12.8 հա, իսկ խաղողի այգիները՝ 13.9 հա:
Բնակիչները զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, մշակում են ջերմասեր բանջարաբոստանային ու կերային մշակաբույսեր, ինչպես նաև զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ և թռչնաբուծությամբ:
Վարդաշենցիներն աչքի են ընկնում արտակարգ աշխատասիրությամբ, հողի հանդեպ հատուկ սիրով ու նվիրումով: Լինելով Խոյից և Սալմաստից գաղթած նախնիների սերունդներ՝ նրանք պահպանել են ավանդական հյուրընկալությունը, կամեցողությունը, համախմբվածությունն ու ջերմությունը:
Տեղակայումը. Հայաստան, Արարատի մարզ, Արտաշատի տարածաշրջան, Արտաշատ քաղաքից 11 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից բարձրությունը՝ 900 մ
Կոորդինատներ. 40°02′01″N 44°33′21″E: