Ճանաչենք Արարատի մարզի տաղանդներին - Նանե (Նելլի Նազարյան)

· Արտաշատ

Ճանաչենք Արարատի մարզի տաղանդներին - Նանե (Նելլի Նազարյան)

Հայ գրականության, հրապարակախոսության և արվեստի ինքնատիպ ներկայացուցիչներից է Նանեն (իսկական անունը՝ Նելլի Ստեփանի Նազարյան)։

Նա ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 7-ին Արտաշատում, սովորել տեղի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում, ապա ավարտել Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության ֆակուլտետը։

Մի քանի տարի աշխատելով որպես մանկաբույժ՝ հետագայում վերապատրաստվել է և շարունակել գործունեությունը որպես մանկական նյարդաբան։ Բժշկական ոլորտում նա ստացել է նաև բժիշկ-հոմեոպաթի միջազգային դիպլոմ և ռեֆլեքսագոմ թերապևտի որակավորում։ 1989 թվականից Նանեն բնակվում է Երևանում։

Նրա ընտանիքը սերտորեն կապված է հայ մշակույթի հետ․ նա հայտնի երգահան Գուսան Հայկազունի քույրն է, իսկ քույրը՝ Մանիկ Նազարյանը, «Ներշնչանքս» բանաստեղծությունների ժողովածուի հեղինակն է, ում գործերը տպագրվել են «Գարուն» ամսագրում և «Ապագա բժիշկ» թերթում։

​Նանեի ստեղծագործական կյանքը բազմաշերտ է ու հարուստ։ 1999 թվականից նա Հայաստանի գրողների միության անդամ է, իսկ 2004 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ։ Գրականությանը զուգահեռ՝ նա ակտիվորեն գործել է լրագրության և հրատարակչական ոլորտում․ եղել է «Մշակ» թերթի խմբագիրը, ինչպես նաև մի քանի տարի ղեկավարել ու հրատարակել է «Լապտերիկ» մանկական հանդեսը։ Նրա գեղանկարչական աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ ցուցահանդեսներում, այդ թվում՝ Հայաստանի նկարիչների միությունում, Ժուռնալիստների տան ցուցասրահում, Չարենցի տուն-թանգարանում, «Նարեկացի» արվեստի կենտրոնում, Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում և այլուր։

Ուշագրավ է, որ նրա «Տիրամայրը մանկան հետ» և «Մկրտություն» կտավները բանաստեղծուհի Մետաքսեի կողմից պատվիրվել և նվիրվել են Շիրակի մարզի Արևշատի Սուրբ Աստվածածին եկեղեցուն։

​Որպես գրող՝ Նանեն հեղինակել է բանաստեղծական, հրապարակախոսական, արձակ և մանկական բազմաթիվ գրքեր։ Նրա ստեղծագործություններն ընդգրկվել են տարբեր ժողովածուներում ու անթոլոգիաներում, հանրայնացվել հայկական և օտարալեզու պարբերականներում, ինչպես նաև թարգմանվել են անգլերեն, լեհերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն և պարսկերեն լեզուներով։ Հեղինակի հարուստ մատենագիտությունը ներառում է մի շարք արժեքավոր հրատարակություններ, որոնց թվում են «Ես՝ դժվար տոհմի դժվար զավակը» (1998, «Ապագա ՍՊԸ» տպարան), «Անզոր մոլեգնություն» (1999), «Ինքնադիտում» (2000), «Լուսնկան ի վեր՝ առանց բառերի» (2002, «Զանգակ-97»), «Ամուրներից հալածյալ» (2004, ՀԳՄ հրատարակչություն), «Պոեմ մարդկային կամ ադամամութ» պոեմը (2004, հովանավոր՝ Մխիթարյան միաբան հայր Հարություն վարդապետ Բզդիկյան), «Դադարի պահ» (2012, ՀԳՄ հրատարակչություն), «Տաճար առողջության» (2012, ՎՄՎ պրինտ), «Ավարտ, թե՞ շարունակություն», ինչպես նաև «ԾԱԹԱՐԿԸ» հեքիաթների գիրքը (2024, «Վան Արյան» հրատարակչություն, հովանավոր՝ Մովսես Մանուկյան)։

​Նանեի վաստակն արժանացել է բազմաթիվ պետական, գրական և համայնքային մրցանակների։ 2013 թվականին նա ստացել է Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ «Նոր դարի նոր պատվիրանները» գրքի համար, իսկ «Վերջին երանի» գրքի համար արժանացել է ինչպես Միքայել Նալբանդյանի անվան (հրապարակախոսություն) մրցանակի, այնպես էլ 2019 թվականին ՀԳՄ «Տարվա լավագույն գիրք» անվանակարգի մրցանակին։ 2015 թվականին «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի կողմից մրցանակ է ստացել «Ջրհոսի դարաշրջանի դավադրությունը» գիրքը։

2020 թվականին ՀԳՄ և ՀՀ Պաշտպանության նախարարության համատեղ մրցանակաբաշխությունում նա պարգևատրվել է «Երկնագույն ծաղիկների ամիսը» պատմվածաշարի համար։ 2023 թվականին Ծաղկաձորի ստեղծագործական տան Չարենցի անվան մրցանակին է արժանացել նրա «Լավագույն տղերքը մենք ենք» գիրք-հուշամատյանը, նույն թվականին «Դար 21» մրցանակաբաշխությունում նվաճել է 2-րդ մրցանակը մանկապատանեկան գրականության ժանրում, իսկ ՀԳՄ և «Մեծն Ներսես» բարեգործական կազմակերպության «Մարդ Աստծո» գրական մրցանակաբաշխությունում արժանացել է 2-րդ մրցանակի արձակի անվանակարգում։ 2024 թվականին նրա գրական վաստակը համալրվել է Վախթանգ Անանյանի անվան մրցանակով՝ «Թեթևիկը» ստեղծագործության համար։