Բացահայտիր Արարատը- Շաղափ գյուղ
Արարատի մարզի գեղատեսիլ անկյուններից մեկում է գտնվում Շաղափ գյուղը։
Գյուղը հիմնադրվել է 1873 թվականին, իսկ տեղի բնակիչների նախնիների մի մասը 1916-1922 թվականներին այստեղ է գաղթել Արևմտյան Հայաստանի Վանի և Շատախի շրջաններից:
Այս պատմական արմատները մեծապես ձևավորել են գյուղի ինքնատիպ դեմքն ու մշակութային դիմագիծը:
Շաղափն աչքի է ընկնում իր պատմամշակութային ժառանգությամբ, յուրահատուկ բնական լանդշաֆտներով և աշխատասեր ու հյուրընկալ բնակիչներով:
Գյուղի շրջակայքում պահպանվել են հին գյուղատեղիներ և 12-րդ դարի ավերակ եկեղեցու մնացորդներ, որոնք վկայում են տարածաշրջանի դարավոր պատմության մասին: Բնակավայրը տեղադրված է Վեդի գետի ձախակողմյան Շաղափ վտակի հովտում՝ շրջապատված մեղմաթեք և ոչ բարձր բլուրներով, ծովի մակարդակից 1300 մ բարձրության վրա:
Բնական լանդշաֆտները կիսաանապատային են և չոր տափաստանային, իսկ տնտեսության մասնագիտական հիմնական ճյուղերն են գյուղատնտեսությունը և անասնապահությունը:
Շաղափում կլիման չոր է և գամաքային: Ձմեռները մեղմ են, իսկ ամառները՝ շոգ և չոր: Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -2 °C-ից -5 °C, հուլիսյան միջին ջերմաստիճանը կազմում է 23 °C-ից 25 °C, իսկ տարեկան մթնոլորտային տեղումները 350-500 մմ են:
Վանից և Շատախից սերված նախնիների ոգին մինչ օրս կենդանի է շաղափցիների մեջ:
Գյուղի մարդկանց բնորոշ է արտակարգ աշխատասիրությունը, հյուրընկալությունը, հայրենասիրությունն ու ավանդապահությունը: Նրանք աչքի են ընկնում համախմբվածությամբ, դժվարությունները սեփական աշխատանքով հաղթահարելու տոկունությամբ և հողին ու ջրին նվիրվածությամբ:
Տեղակայումը. Արարատի մարզ, Ուրցաձոր համայնք
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 45 կմ հարավ-արևելք։
Աշխարհագրական կոորդինատներ՝ 39°52′0″N 44°54′0″E