Բացահայտիր Արարատը-Վարդաշատ
Վարդաշատ գյուղը գտնվում է Հայաստանի Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում՝ մարզկենտրոնից մոտ 55 կմ, մայրաքաղաք Երևանից 90 կմ հեռավորության վրա, Արաքսի ձախակողմյան վտակ Արածո գետի աջ ափին և Գեղամա լեռնաշղթայի հարավային լանջին։
Այն տեղադրված է ծովի մակարդակից մոտ 1830 մետր բարձրության վրա, իսկ վարչական տարածքը ընդգրկում է 1400-ից մինչև 2900 մետր բարձրության վրա գտնվող լեռներ ու բարձունքներ։
Բնակավայրը բավականին հին պատմություն ունի. 1828-1830 թվականներին Թուրքմենչայի պայմանագրի համաձայն այստեղ են վերաբնակվել Պարսկաստանի Խոյ-Սալմաստ գավառից գաղթած մի քանի ընտանիքներ, իսկ այժմյան Վարդաշատ անվանումը ստացել է 1948 թվականին (նախկինում՝ Ղաշղա, Կաշկա)։ Գյուղի կենտրոնում է գտնվում Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, իսկ շրջակայքում կան բազմաթիվ պատմական սրբավայրեր։
Վարդաշատի կլիման բարեխառն լեռնային է՝ տևական, ցուրտ ու հաստատուն ձնածածկույթով ձմեռներով (հունվարյան միջին ջերմաստիճանը՝ -8-ից -12°C) և տաք, համեմատաբար խոնավ ամառներով (հուլիսյան միջինը՝ +20-ից +30°C)։ Տարեկան տեղումների քանակը 400-600 մմ է, լանդշաֆտները սևահողային տափաստաններ են, և հաճախ են լինում չորային տարիներ։
Գյուղն աչքի է ընկնում իր բարձրադիր լեռնային դիրքով, մաքուր օդով, Գեղամա լեռների գեղատեսիլ տեսարաններով, ինչպես նաև խնձորի, տանձի ու ընկուզենու հարուստ այգիներով։
Տնտեսության հիմնական ճյուղերն են անասնապահությունը, այգեգործությունը, ջերմասեր բանջարաբոստանային մշակաբույսերի և հացահատիկի մշակումը։
Վարդաշատցիները աշխատասեր, կոպեկի արժեքը իմացող, լեռնցուն հատուկ տոկուն, համառ և հյուրասեր մարդիկ են։ Չնայած գյուղում դպրոցի, մշակույթի տան, բուժկետի կամ փոստային բաժանմունքի բացակայությանը և կենցաղային դժվարություններին՝ տեղացիները աչքի են ընկնում իրենց համախմբվածությամբ, հողին ու նախնիների ավանդույթներին ամուր կապվածությամբ։
Գյուղի աշխարհագրական կոորդինատներն են՝ 39°49′58″N 45°01′34″E