Բացահայտիր Արարատը- Այգավան

· Արարատի մարզ

Բացահայտիր Արարատը- Այգավան

Այգավան գյուղը հիմնադրվել է 1828 թվականին։

Գյուղի բնակիչների մեծ մասի նախնիները ներգաղթել են Իրանից՝ պատմական Հայոց Խոյ գավառից:

​Այգավանն աչքի է ընկնում իր հարուստ ագրո-կուլտուրայով, զարգացած այգեգործությամբ ու խաղողագործությամբ, ինչպես նաև պատմական նշանակությամբ, քանի որ գյուղի կենտրոնով է անցնում Երևան-Երասխ երկաթուղային գիծը ։

Համայնքն առանձնանում է նաև իր հայրենասիրական ոգով. Արցախյան ազատամարտին մասնակցել են 200 այգավանցիներ, որոնցից 5-ը նահատակվել են, և նրանց հիշատակին կառուցվել են հուշարձաններ ու դպրոցում բացվել է փառքի սրահ:

​Գյուղի բնակիչների բնավորության հիմնական առանձնահատկությունը աշխատասիրությունն է, տոկունությունը, հյուրընկալությունն ու կապվածությունը հողին:

Չնայած խիստ ցամաքային կլիմային, չոր եղանակին և հաճախակի հանդիպող խորշակներին՝ բնակիչները ջանասիրաբար մշակում են ոռոգելի տարածությունները, զբաղվում պտղատու ու խաղողի այգիների մշակմամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ:

​Կլիման չոր է, խիստ ցամաքային. ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին (հունվարյան միջին ջերմաստիճանը՝ -13 °C-ից -15 °C), իսկ ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր (միջին ջերմաստիճանը՝ 24 °C-ից 26 °C, առավելագույնը՝ 42 °C): Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է: Գյուղատնտեսական հողատարածքները կազմում են շուրջ 570 հա:

​Տեղակայում՝ Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Արարատի տարածաշրջան, մարզկենտրոն Արտաշատից մոտ 12 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 840 մ բարձրության վրա:

Կոորդինատներ՝ 39°51′53″N 44°40′13″E