Բացահայտիր Արարատը- Գինեվետ գյուղ
Գինեվետը գյուղ է Հայաստանի Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Արտաշատից մոտ 6 կմ հարավ-արևելք:
Բնակավայրը հիմնադրվել է 1952 թվականին որպես Վեդու գինու գործարանին կից ավան (առաջին հիշատակումը՝ 1956 թ.):
1990 թվականի վարչատարածքային բարեփոխումից հետո դարձել է գյուղական բնակավայր, 2004 թվականի դեկտեմբերի 14-ին վերանվանվել է Գինեվետ:
Գյուղն աչքի է ընկնում իր հարուստ այգեգործական ու գինեգործական ավանդույթներով. հենց բնակավայրի ստեղծումն ու անվանումը սերտորեն կապված են գինեգործության հետ: Այստեղ է գործում «Վեդի Ալկո» ընկերությունը, որը Հայաստանի ալկոհոլային խմիչքներ արտադրող առաջատար ձեռնարկություններից է: Գյուղի հիմնական մասնագիտացումը գյուղատնտեսությունն է՝ այգեգործությունը, դաշտավարությունը և բանջարաբուծությունը:
Գինեվետցիներն աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ, հյուրընկալությամբ և հողին նվիրվածությամբ: Արարատյան դաշտի խիստ, չոր ու տաք կլիմայական պայմաններում ապրող ու արարող տեղացիները համբերատար են, տոկուն և ջերմ մարդիկ:
Բնակավայրում գործում են դպրոց, բուժկետ, կապի հանգույց, առկա է 209 տնտեսություն: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1123.7 հա, որից վարելահողերը՝ մոտ 135.61 հա: Բնակավայրն ընկած է Մերձարաքսյան գոգավորությունում՝ ծովի մակարդակից մոտ 880 մ բարձրության վրա, ունի չոր, խիստ գամաքային կլիմա՝ 250-300 մմ տարեկան տեղումներով:
Տեղակայումը. Հայաստան, Արարատի մարզ, Արարատի տարածաշրջան, Արտաշատից 6 կմ հարավ-արևելք։
Կոորդինատներ. 39°54′0″N 44°38′0″E