Բացահայտիր Արարատը-Լանջանիստ գյուղ

· Արարատի մարզ

Բացահայտիր Արարատը-Լանջանիստ գյուղ

Լանջանիստ գյուղը տեղակայված է Հայաստանի Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում՝ մարզկենտրոնից 43 կմ հեռավորության վրա: Այն գտնվում է Կատարասարի լեռների լանջին՝ ծովի մակարդակից 1815 մ բարձրության վրա:

Բնակավայրն ունի առողջարար, բարեխառն լեռնային կլիմա, որտեղ ձմեռները տևական են ու ցուրտ, իսկ ամառները՝ տաք և համեմատաբար խոնավ: Հունվարյան միջին ջերմաստիճանը -8-ից -12 °C է, հուլիսյանը՝ 15-ից 18 °C: Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են:

​Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին: Նախնիները գաղթել են Պարսկահայաստան նահանգի Ղարադաղի գյուղերից: 1968 թվականի հուլիսի 3-ին ՀՍՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ գյուղն անվանափոխվել է «Լանջանիստ»: Պատմականորեն եղել է Երևանի նահանգի Երևանի գավառի կազմում:

Գյուղացիներն աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ, հյուրընկալությամբ, լեռնային բնությանը բնորոշ տոկունությամբ ու ավանդապաշտությամբ:

​Լանջանիստն աչքի է ընկնում իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ և հնագիտական հուշարձանների առատությամբ:

Գյուղից հյուսիս գտնվում են հին ավերված եկեղեցու մնացորդներ: Շրջակայքում պահպանվել են մի քանի պատմական գյուղատեղիներ՝ 3 կմ հարավ-արևմուտք գտնվող 9-13-րդ դարերի գյուղատեղին, 7 կմ հյուսիս գտնվող «Երանոս» (9-16-րդ դդ.) գյուղատեղին, 1 կմ հյուսիս գտնվող «Հին գյուղատեղ»-ը (13-19-րդ դդ.)՝ Սուրբ Աստվածածին մատուռով (17-19-րդ դդ.), 7 կմ հյուսիս-արևելք գտնվող «Ներքին Արմիկ» (10-15-րդ դդ.) գյուղատեղին՝ Արմիկի Սուրբ Ստեփանոս եկեղեցական համալիրով (13-14-րդ դդ.), ինչպես նաև 1,5 կմ հյուսիս-արևմուտք գտնվող «Սպիտակ վանք» (13-17-րդ դդ.) գյուղատեղին՝ համանուն 1301 թվականի եկեղեցիով:

​Գյուղի տնտեսության մասնագիտացման հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է: Համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1489 հա, իսկ պահուստային հողերը (շուրջ 1300 հա) օգտագործվում են որպես արոտավայրեր: Բնակիչները զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ ու թռչնաբուծությամբ:

​Տեղակայում՝ ՀՀ, Արարատի մարզ, Ուրցաձոր համայնք, Լանջանիստ գյուղ

Կոորդինատներ՝ 39°52′0″N 44°57′0″E