Բացահայտիր Արարատը-Հնաբերդ
Հնաբերդ գյուղը գտնվում է Հայաստանի Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 5 կմ հյուսիս-արևելք: Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին և 1949 թվականի դեկտեմբերի 1-ին վերանվանվել է Հնաբերդ: Բնակավայրը տեղակայված է Արարատյան դաշտում՝ Արաքս գետի հովտում, ծովի մակարդակից 875 մետր բարձրության վրա:
Գյուղն աչքի է ընկնում իր արտեզյան աղբյուրներով և զարգացած այգեգործությամբ: Համայնքի տնտեսության մասնագիտացման հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է, որտեղ համախառն բերքի մեծ մասը տալիս է այգեգործությունը: Գյուղատնտեսական նշանակության 188 հեկտար հողերից 109 հեկտարը պտղատու այգիներ են, 5 հեկտարը՝ խաղողի այգիներ, իսկ 60 հեկտարը՝ վարելահողեր: Բնակիչները զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ, ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաների ու հացահատիկի մշակմամբ, ինչպես նաև կաթնատու անասնապահությամբ և թռչնաբուծությամբ: Արդյունաբերություն գյուղում առկա չէ:
Կլիման չոր է և խիստ ցամաքային: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը -3-ից -5°C է: Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26°C, իսկ առավելագույնը՝ 42°C: Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում, իսկ բնական տափաստանային լանդշաֆտները ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի:
Հնաբերդցիներն աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ, հողին կապվածությամբ և համառությամբ։ Չնայած խիստ չոր կլիմային և հաճախակի կրկնվող խորշակներին՝ գյուղի բնակիչները ջանասիրաբար մշակում են Արարատյան դաշտի հողերը՝ ապահովելով առատ բերք ու բարիք։
Տեղակայում՝ Հայաստան, Արարատի մարզ, Արտաշատի տարածաշրջան, գյուղ Հնաբերդ
Կոորդինատներ՝ 40°00′21″N 44°34′28″E