Բացահայտիր Արարատը- Հովտաշեն

· Արարատի մարզ

Բացահայտիր Արարատը- Հովտաշեն

Հովտաշենը Արարատի մարզի գեղատեսիլ և հարուստ պատմություն ունեցող բնակավայրերից է: Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ 1978 թվականի հունվարի 25-ին այն պաշտոնապես վերանվանվել է Հովտաշեն։

Բնակչության ձևավորման պատմությունն ինքնատիպ է. 1930-ական թվականներից այստեղ վերաբնակվել են Արևմտյան Հայաստանի Սուրմալուի գավառից, Նախիջևանից և Նուխիից եկած ընտանիքներ, 1950-ականներին բնակիչներ են տեղափոխվել Աբովյանի, իսկ 1970-ականներին՝ Վայքի շրջանի Խնձորուտ գյուղից։

​Գյուղի կլիման բարեխառն է՝ տևական ամառներով (մայիսից հոկտեմբեր), որտեղ ջերմաստիճանը հասնում է մինչև 42 °C-ի։ Տեղումների տարեկան քանակը 250-300 մմ է, իսկ հողատարածքների մեծ մասն ընդգրկված է nռոգման գոտում։

Հովտաշենն աչքի է ընկնում իր զարգացած գյուղատնտեսությամբ. այստեղ ակտիվորեն զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ և կաթնամսատու անասնապահությամբ։

​Համայնքն ունի հարուստ հոգևոր ու մշակութային կյանք։

Գյուղում է գտնվում կառուցվող Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին։

Ըստ ավանդույթի՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները քարոզչական ճանապարհին հանդիպել են Արարատյան դաշտում, ուստի նրանց անուններով եկեղեցիները կառուցվում են դիմաց-դիմաց տեղադրությամբ։

Համայնքում առկա է նաև եզդիական մատուռ, որը կառուցվել է Քյարամ Կալոյանի կողմից։

​Հովտաշենցիների բնավորությունն ու դիմագիծը ձևավորվել են տարբեր պատմական բնակավայրերից համախմբված արմատների շնորհիվ ։

  • ​Արարատյան դաշտի շոգ կլիմային ու հաճախակի խորշակներին հակառակ՝ բնակիչները մեծ ջանքով մշակում են հողն ու ստանում առատ բերք:

  • ​ Տարբեր տարածաշրջաններից եկած ընտանիքների միաձուլումը ձևավորել է ջերմ և բաց մթնոլորտ։

  • ​

  • Համայնքը խորին հարգանքով է վերաբերվում իր հերոսներին. դպրոցում ու գյուղում պարբերաբար նշվում են Վարդան Մկրտչյանի հիշատակի օրերը, ինչպես նաև ոգեկոչվում է 44-օրյա պատերազմում զինվորին փրկելիս զոհված սպա Ղևոնդ Լազարյանի հիշատակը։

  • ​

  • Գյուղում գործում են դպրոց, մանկապարտեզ և 2023 թվականին հիմնադրված նախակրթարան՝ ապահովելով երեխաների համակողմանի զարգացումը։

​Գյուղը գտնվում է Արտաշատ քաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 827 մ բարձրության վրա:

Կոորդինատներ. 40°01′28″N 44°27′00″E