Բացահայտիր Արարատը-Ղուկասավան
Ղուկասավան գյուղը հիմնադրվել է 1800-ական թվականներին։
1949 թվականին գյուղը վերանվանվել է Ղուկասավան՝ ի պատիվ այստեղ ծնված հեղափոխական գործիչ Ղուկաս Ղուկասյանի։ Գյուղի բնակչության պատմական ձևավորումն աչքի է ընկնում բացառիկ բազմաշերտությամբ. այստեղ տարբեր տարիներին վերաբնակություն են հաստատել Սասունից, Սալմաստից, Արևմտյան Հայաստանից, Պարսկահայաստանից ներգաղթած հայեր, ինչպես նաև եզդի ընտանիքներ։
Բնակչության այս խայտաբղետ էթնիկ և ազգագրական կազմը ձևավորել է տեղացիների յուրահատուկ նկարագիրը. ղուկասավանցիներն աչքի են ընկնում հյուրընկալությամբ, աշխատասիրությամբ, տարբեր մշակույթների ու ավանդույթների հանդեպ բացառիկ հանդուրժողականությամբ, համախմբվածությամբ և հողին կապվածության ամուր զգացումով։
Ղուկասավանն աչքի է ընկնում իր պատմամշակութային և հուշարձանային արժեքներով, որոնց թվում է գյուղի կենտրոնում գտնվող խոնարհված Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գյուղի տարածքում տեղադրված են նաև Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանն ու Ղուկաս Ղուկասյանի արձանը։ Բնակավայրի տնտեսությունը մասնագիտացված է գյուղատնտեսության մեջ։ Բնակիչները ակտիվորեն զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, ջերմասեր բանջարաբոստանային մշակաբույսերի ու հացահատիկի մշակմամբ, ինչպես նաև կաթնամսատու անասնապահությամբ ու թռչնաբուծությամբ։ Արդյունաբերության ոլորտում գյուղում գործում է ատաղձագործական գործարան։
Տեղանքի կլիման չոր է և խիստ ցամաքային։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին՝ հունվարյան միջին -5 °C ջերմաստիճանով։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախակի դիտվող խորշակները որոշակի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է, իսկ կիսաանապատային բնական լանդշաֆտները ոռոգման շնորհիվ վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։
Գյուղը տեղադրված է Հայաստանի Արարատի մարզում, Արարատյան դաշտում, Հրազդան գետի հովտում՝ ծովի մակարդակից 845 մետր բարձրության վրա։ Գտնվում է Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 6 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 25 կմ հեռավորության վրա, 40°07′34″N 44°25′04″E։