Ճանաչենք Արարատի մարզի տաղանդներին - Նորայր Դավթյան
Նորայր Զավենի Դավթյանը ծնվել է 1950 թվականին Արտաշատի շրջանի Մրգավետ գյուղում ։ Նա երաժիշտ է, դիրիժոր, պրոֆեսոր և Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ։
8-ամյա կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի քամանչայի դասարանում։ Այնուհետև ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, ապա՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ ստանալով նվագախմբի դիրիժորի մասնագիտություն։
Երաժշտական կարիերան սկսել է 1970 թվականին, երբ հրավիրվել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների նվագախումբ՝ որպես քամանչահար և բամբիռահար, իսկ ավելի ուշ հանդես է եկել որպես դիրիժոր։ Շուրջ 27-28 տարի ղեկավարել է Կոնսերվատորիայի ուսանողական ազգային նվագարանների նվագախումբը, իսկ 1978 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
2005 թվականի ապրիլին կոմպոզիտոր Արա Գևորգյանի և Նորայր Դավթյանի ջանքերով հիմնադրվել է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է Նորայր Դավթյանը։
Նվագախումբը բաղկացած է բարձրագույն երաժշտական կրթությամբ շուրջ 40 կատարողներից, իսկ 2023 թվականից գործում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն»-ի կազմում։
Նվագախումբը համերգային շրջագայություններ է ունեցել ՀՀ մարզերում, Արցախում, ՌԴ Կրասնոդարի երկրամասում, Թբիլիսիում, ինչպես նաև Թուրքմենստանում՝ ՀՀ նախագահի պաշտոնական այցի և հայկական մշակութային օրերի շրջանակներում։
Նորայր Դավթյանը համերգներով հանդես է եկել աշխարհի 35 երկրներում։ 2012 թվականին Արգենտինայում մասնակցել է Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին, իսկ 2013 թվականի նոյեմբերին Արգենտինայում և Բրազիլիայում (Բուենոս Այրես, Կորդովա, Սան Պաուլո) հանդես է եկել համերգներով՝ նվիրված Կոմիտասի 144-ամյակին։
Իր վաստակի համար արժանացել է բազմաթիվ պարգևների և կոչումների՝
ՀՀ վաստակավոր արտիստ
ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2017 թ.)
«Կոմիտաս» հուշամեդալ
«ԵՊԿ 100» հուշամեդալ
«Էրեբունի Երևան 2800-ամյակ»-ի հուշամեդալ
«Խաչատուր Ավետիսյան 100» հուշամեդալ