Բացահայտիր Արարատը-Դարակերտ
Դարակերտը Հայաստանի Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի հնագույն պատմություն և հարուստ ավանդույթներ ունեցող բնակավայրերից է: Գյուղը հիմնադրվել է 1829 թվականին։
Դարակերտ է վերանվանվել 1978 թվականին: Բնակավայրի պատմական խոր արմատների մասին է փաստում նրա հարևանությամբ գտնվող մ.թ.ա. 1-ին դարի անտիկ բնակատեղիի ավերակները:
Գյուղն աչքի է ընկնում իր աշխատասեր ու ջերմ մթնոլորտով, որտեղ տնտեսության հիմնական շարժիչ ուժը գյուղատնտեսությունն ու բուսաբուծությունն են: Տեղացիներն ակտիվորեն զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ և ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաների ու հացահատիկի մշակմամբ: Համայնքում զարգացած է նաև կաթնամսատու անասնապահությունն ու թռչնաբուծությունը:
Դարակերտցիներն աչքի են ընկնում հյուրընկալությամբ, տոկունությամբ և համախմբվածությամբ: Արարատյան դաշտի խիստ չոր կլիմայական պայմանները, ամառային տոթերն ու հաճախակի խորշակները կոփել են գյուղացիներին՝ նրանց օժտելով արտակարգ համբերատարությամբ, աշխատասիրությամբ և հողին նվիրվելու բացառիկ ունակությամբ: Այստեղ ապրող մարդիկ աչքի են ընկնում կամքի ուժով, պատրաստակամությամբ և միմյանց սատար կանգնելու ամուր ավանդույթներով:
Դարակերտը տեղադրված է Արարատյան դաշտում՝ ծովի մակարդակից 840 մետր բարձրության վրա: Գտնվում է Մասիս քաղաքից 10 կմ հյուսիս, իսկ մարզկենտրոն Արտաշատից՝ 23 կմ հեռավորության վրա:
Կոորդինատները 40°06′21″N 44°24′50″E