Բացահայտիր Արարատը-Սիս գյուղ
Սիս գյուղը հիմնադրվել է 1831 թվականին: 1989 թվականին վերանվանվել է Սիս: Գյուղն աչքի է ընկնում իր ավանդական գյուղատնտեսական կենսակերպով և Արարատյան դաշտի ջերմ մթնոլորտով:
Բնակավայրը չունի արդյունաբերական ձեռնարկություններ, ուստի տնտեսության հիմնական շարժիչ ուժը գյուղատնտեսությունն է, մասնավորապես՝ բուսաբուծությունը: Բնակիչները մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ: Գյուղում զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ ու ձկնաբուծությամբ։
Սիսում կլիման չոր, բարեխառն ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին՝ հունվարյան միջին -3-ից -5 °C ջերմաստիճանով: Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-26 °C-ի, իսկ առավելագույնը՝ 42 °C: Հաճախակի են խորշակները, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը:
Սիսի բնակիչներին բնորոշ է տոկունությունն ու համբերատարությունը. նրանք սովոր են արևոտ ու չոր կլիմայական պայմաններում համառ աշխատանքով արդյունք ստեղծել: Հողի ու բնության հետ մշտական կապը ձևավորել է հյուրընկալ, իրար հասնող և համայնքային ավանդույթները հարգող մարդկանց կերպար, ովքեր պատրաստակամորեն կիսում են իրենց աշխատանքի բարիքները:
Գյուղը տեղակայված է Հայաստանի Արարատի մարզում՝ Մասիսի տարածաշրջանում, Հրազդան գետի աջ ափին՝ Միջինարաքսյան գոգավորությունում, մարզկենտրոնից 26 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 828 մետր բարձրության վրա: Կոորդինատներ՝ 40°03′31″N 44°23′11″E: