Բացահայտիր Արարատը-Դեղձուտ
Արարատյան դաշտի սրտում տեղակայված Դեղձուտ գյուղն ունի հարուստ պատմություն և ինքնատիպ դիմագիծ: Գյուղն իր ընդհանուր 208 հեկտար տարածքով (որից բնակեցված է 49.1 հա-ն) սահմանակից է Կանաչուտ, Մրգանուշ, Վարդաշեն, Արևշատ, Նշավան և Գետազատ համայնքներին, իսկ կենսատու խմելու ջուրը ստանում է Գառնու սառնորակ աղբյուրներից:
Գյուղի պատմական արմատները ձգվում են մինչև 1916 թվականը։ 1967 թվականի մայիսի 25-ին՝ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի առաջարկությամբ, գյուղը վերանվանվել է Դեղձուտ՝ ի պատիվ այստեղ աճող դեղձի առատ ու որակյալ պաշարների:
Դեղձուտցիների բնավորությունն ու ապրելակերպը ձևավորվել են դարավոր աշխատասիրության և նախնիներից փոխանցված արժեքների շուրջ: Լինելով գաղթօջախներից եկածների սերունդներ՝ տեղացիներն օժտված են արարելու անոտնահարելի կամքով, տոկունությամբ և հողագործական նուրբ գաղտնիքների խորը տիրապետմամբ: Բնակիչներին բնորոշ է նաև բարձր վարպետությունն ու ցանկացած գործին ձեռնամուխ լինելիս ճշգրտություն ու որակ ապահովելու ձգտումը: Միևնույն ժամանակ, համայնքում խորապես արմատացած է հայրենասիրությունն ու հարգանքը սեփական պատմության հանդեպ, ինչի վառ ապացույցն է 2011 թվականին նախկին բնակիչ Կորյուն Վարդանյանի հովանավորությամբ կառուցված հուշահամալիրը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների հիշատակին:
Գյուղն աչքի է ընկնում Արարատյան դաշտի մրգի ու պտղի առատ շտեմարան լինելով, ինչին նպաստել են առատ ոռոգման ջուրն ու բնակչության ջանասեր աշխատանքը:
Տեղակայումը՝ ՀՀ Արարատի մարզ, Ազատ գետի ձախ ափին, Արտաշատ քաղաքից 12 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 878 մ բարձրության վրա:
Կոորդինատները՝ 40°01′35″N 44°32′56″E: