Բացահայտիր Արարատը-Նորաբաց

· Արարատի մարզ

Բացահայտիր Արարատը-Նորաբաց

Նորաբաց գյուղը գտնվում է Հայաստանի Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում։ Բնակավայրը հիմնադրվել է 1897 թվականին ։ Գյուղի շրջակայքում հայտնաբերվել են նոր քարեդարյան բնակավայրի հետքեր, որոնք թվագրվում են մ.թ.ա. 6-4-րդ հազարամյակներին։

2014 թվականին Նորաբացում սրբագործվել և բացվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։

​Գյուղը տեղակայված է Արարատյան դաշտում՝ ծովի մակարդակից 820-830 մետր բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

​Նորաբացն աչքի է ընկնում իր աշխատասեր ու հողին կապված բնակիչներով։ Գյուղացիները բնավորությամբ հյուրընկալ են, ջանասեր, համախմբված և տոկուն, ինչը հատկապես արտահայտվում է տարածաշրջանի խիստ ու չոր կլիմայական պայմաններում ազնիվ աշխատանքով արդյունքի հասնելու նրանց ձգտման մեջ։

​Գյուղը հատկապես աչքի է ընկնում զարգացած բուսաբուծությամբ, ջերմոցային տնտեսություններով և հարուստ մշակովի տարածքներով։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 185 հա, որից շուրջ 115 հա-ն վարելահողեր են։ Համայնքն ունի պտղատու (16 հա) և խաղողի (36 հա) այգիներ։ Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, ինչպես նաև ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաների և հացահատիկի մշակմամբ։

​Տեղակայումը՝ Մասիս քաղաքից 4 կմ հյուսիս, մարզկենտրոն Արտաշատից՝ 25 կմ հեռավորության վրա։

Կոորդինատները՝ 40°6′19″N 44°25′48″E