Բացահայտիր Արարատը - Դվին գյուղ

· Արարատի մարզ

Բացահայտիր Արարատը - Դվին գյուղ

Դվին գյուղը գտնվում է Հայաստանի Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևելք։ Հիմնադրվել է 1831 թվականին։ Դվին է վերանվանվել 1950 թվականին։ Այն նախկինում եղել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Ոստան գավառում։ Գյուղի մոտ է գտնվում Դվին հնավայրը, որը եղել է միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքը։ Անվան ծագումնաբանության երկու բացատրություն կա. առաջինը ենթադրում է հնագույն ժամանակներում այստեղ ապրող ցեղի կամ տոհմի հետ, սակայն ավելի ստույգ է, որ «Դվին» պարսկերեն նշանակում է բլուր, ինչպես վկայում է նաև Մովսես Խորենացին։

​Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից 925 մետր բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250–300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսանկյունից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

​Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասն տալիս է այգեգործությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 580 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 200 հա, պտղատու և խաղողի այգիներ՝ կազմելով 206 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ, ինչպես նաև հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Պահուստային հողերն օգտագործվում են հիմնականում որպես արոտավայրեր՝ 121 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Գյուղն աչքի է ընկնում իր բացառիկ պատմական ժառանգությամբ և անմիջական հարևանությամբ գտնվող միջնադարյան հայոց մայրաքաղաք Դվին հնավայրով։ Բնակիչներին բնորոշ է աշխատասիրությունը, հողի մշակության նկատմամբ նվիրվածությունը, հյուրասիրությունն ու հայրենիքի պատմության հանդեպ խորը հարգանքը։

​Տեղակայված է Արարատյան դաշտում՝ Արտաշատ քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 925 մետր բարձրության վրա, իսկ կոորդինատներն են՝ 40°0′16.87″N 44°34′45″E: