Բացահայտիր Արարատը - Խոր Վիրապ

· Արարատի մարզ

Բացահայտիր Արարատը - Խոր Վիրապ

Խոր Վիրապը (Խոր Վիրապի վանք) ճարտարապետական հուշարձան է, 3-րդ դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում։ Այն եղել է Հայոց հանրահայտ ուխտատեղիներից՝ կապված Գրիգոր Լուսավորչի անվան հետ։

​Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը (օձերով և թունավոր միջատներով լի խոր փոս), որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Այդ տարիների ընթացքում Տրդատ 3-րդ Մեծը մահացու հիվանդանում է։ Նրա քույրը երազ է տեսնում, որ արքային կարող է բուժել միայն Գրիգոր Լուսավորիչը, ինչից հետո Տրդատը հրամայում է արձակել նրան։ Խոր Վիրապից դուրս գալուց հետո, ստանալով արքայի աջակցությունը, Լուսավորիչը քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։

​Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ, որը, ճարտարապետ Մ. Մնացականյանի կարծիքով, 10-րդ դարի արաբ պատմիչ Ալ-Մուքադդասիի նկարագրած՝ սպիտակ կրաքարից, ներսում 8 սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույց է և իր ծավալատարածական կոմպոզիցիայով ու կառուցվածքային սկզբունքով որոշ նմանություն է ունեցել Զվարթնոցին։ Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս։ Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող մուտքը ուղղաձիգ աստիճանների (ներկայումս՝ մետաղյա) միջոցով տանում է ներքնահարկ, ուր 4,4 մ տրամագծով, 6 մ խորությամբ, գմբեթանման գոգավոր ծածկով վիրապն է։

​Կոմպլեքսից կիսավեր պահպանվել են նաև բուրգավոր պարիսպը, որի պատերի երկայնքով տեղադրված են սեղանատուն, խուցեր և այլ օժանդակ վանքային կառույցներ։ Պարսպից ներս՝ կենտրոնում, Ս. Աստվածածին գլխավոր եկեղեցին է, որին արևմուտքից կից է զանգակատունը։

​13-րդ դարից սկսած Խոր Վիրապը դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն։ 1255 թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնում Վարդան Արևելցին, Եսայի Նշեցին, Հովհաննես Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին։

​16-րդ դարում քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666–1669 թվականներին Դավիթ վրդ. Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։ 1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։

​1703 թվականին արվարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը։ 1970–1980-ական թվականներին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով նորոգվել են վանքի պարիսպները և այլ շինություններ։

​Տեղակայումը. Արաքս գետի ձախ կողմում՝ Լուսառատ գյուղի մոտակայքում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա, այժմ՝ Հայաստանի Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք:

Կոորդինատներ 39°52′42″N 44°34′34″E