Բացահայտիր Արարատը- Խոսրովի անտառ

· Արարատի մարզ

Բացահայտիր Արարատը- Խոսրովի անտառ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը (նաև Խոսրովի անտառ) պետության կողմից պահպանվող տարածքի կարգավիճակ ունեցող բնության հատուկ պահպանվող տարածք է: Այն հիմնադրվել է 330–338 թվականներին Խոսրով Գ Կոտակ թագավորի կողմից ստեղծված անտառի տարածքի մի մասի վրա և ունի շուրջ 1700 տարվա պատմություն: Այն հանդիսանում է աշխարհի առաջին արհեստական անտառներից մեկը: Պատմական անցյալում արգելոցի ներկայիս տարածքը գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում: Ժամանակակից կարգավիճակով «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հիմնադրվել է 1958 թվականին՝ Հայաստանի կենտրոնական մասի չոր նոսրանտառային, ֆրիգանային և կիսանապատային լանդշաֆտների, բուսական և կենդանական եզակի համակեցությունների պահպանության նպատակով: Այն գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ: 2013 թվականի օգոստոսի 26-ին արգելոցին շնորհվել է Պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմ: Արգելոցի գիտական, գործնական և կազմակերպչական աշխատանքներն իրականացվում են 2002 թվականից:

​Արգելոցում պահպանվում են 3-րդ դարաշրջանից մեզ հասած գիհու և կաղնու անտառները, կիսանապատային ու ֆրիգանային լանդշաֆտների չորասեր համակեցությունները, միջերկրածովյան ռելիկտային բուսականության էկոհամակարգերը, ինչպես նաև հազվագյուտ կենդանիների ու բույսերի գենոֆոնդը: Կլիման չոր ցամաքային է՝ ամառային բարձր ջերմաստիճաններով և ցուրտ ձմեռներով: Տարածքում ձևավորվում են չոր ցամաքային, չափավոր տաք՝ չոր, բարեխառն և չափավոր ցուրտ կլիմայի տիպեր: Նախալեռնային գոտում (900-1300 մ բարձրություններում) տեղումների տարեկան միջին քանակը 350-450 մմ է: Արգելոցի տարածքով հոսում են Արաքս գետի ձախակողմյան երկու խոշոր վտակները՝ Ազատ և Վեդի գետերը: Ազատ գետն ունի 55 կմ երկարություն, 550 կմ² ջրհավաք ավազան, Գառնի գյուղի մոտ առաջացնում է խորը կիրճ, իսկ աջից ընդունում է Գողթ վտակը:

​Կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան. արգելոցում հաշվառված են թռչուններ (192 տեսակ), կաթնասուններ (44 տեսակ), սողուններ (33 տեսակ), ձկներ (9 տեսակ) և երկկենցաղներ (5 տեսակ): Ողնաշարավորներից 58 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, իսկ 51 տեսակ՝ Բնության Պահպանության Միջազգային Միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակում: Կաթնասուններից հանդիպում են կովկասյան ընձառյուծը, լուսանը, գորշ արջը, աղվեսը, անտառային կատուն, հնդկական մագճառախოզը, աքիսը, քարակղաքիսը, գորշուկը, նապաստակը, գայլը, բեզաարյան այծը, վայրի խոզը և այլն: Թռչուններից հանդիպում են քարարծիվը և այլ տեսակներ, ընդ որում՝ արգելոցը Հայաստանում միակ տարածքն է, որտեղ բնադրում է սև անգղը: Հավազգիները ներկայացված են չորս տեսակներով, այդ թվում՝ կասպիական ուլարը:

​Արգելոցը տեղակայված է Հայաստանի Արարատի մարզի հյուսիսարևելյան մասում՝ Գեղամա լեռնավահանի և Մերձարաքյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների միջև, ինչպես նաև Գեղամա լեռնավահանի հարավային հատվածի բարձրադիր լեռնաբազուկների (Ուղտուպար, Տասանորդ կամ Դահնակ, Խոսրովասար) և Արարատյան դաշտն արևելյան կողմից էրիզող Երանոսի ու Երախի լեռների ու դրանց լեռնաբազուկների վրա: Այն զբաղեցնում է 23,213.5 հա տարածք և բաղկացած է Գառնի (4253 հա), Կաքավաբերդ (4745 հա), Խոսրով (6860,8 հա) և Խաչաձոր (7354,7 հա) տեղամասերից:

Կոորդինատներ — 39.9089° N, 44.8456° E