Բացահայտիր Արարատը- Գոռավանի ավազուտների պետական արգելավայր

· Արարատի մարզ

Բացահայտիր Արարատը- Գոռավանի ավազուտների պետական արգելավայր

«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրը բնության հատուկ պահպանվող տարածք է, որը ստեղծվել է 1959 թվականին (ՀՍՍՀ ՄՍ հունվարի 29-ի N 20 որոշմամբ)՝ 200 հա տարածքի վրա: Արգելավայրի կանոնադրությունը և տարածքի չափը հաստատվել են ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 975-Ն որոշմամբ: Նույն որոշմամբ արգելավայրը, առանց կարգավիճակի փոփոխության, հանձնվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայությանը՝ պահպանության և վերականգնմանաշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: 2011 թվականի մարտի 31-ի N 324-Ն որոշմամբ հաստատվել են արգելավայրի սահմանների նկարագիրը և հատակագծի սխեման: Ներկայումս այն զբաղեցնում է 95,99 հա տարածք:

​Արգելավայրը ձևավորվել է Արարատյան հարթավայրի Ուրծի լեռնաշղթայի հյուսիսարևմտյան լանջերի ռելիքտային ալյուվիալ նստվածքների մի քանի տեղամասերի վրա: Տնտեսական գործունեության բացասական ներգործությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով 100 մ լայնությամբ շրջագծով տարածքը սահմանվել է որպես պահպանման գոտի:

​«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի պահպանության հիմնական օբյեկտն է Անդրկովկասում բնական ջուզգունի գեղածնկիկ մատիտեղանմանի (Calligonum polygonoides) միակ ամբողջական աճման էկոհամակարգը, մնացորդային սորուն ավազներն իրենց յուրօրինակ ֆլորայի և ֆաունայի էնդեմիկ, հազվագյուտ ու անհետացող տեսակներով: Սա միակ տեղամասն է Փոքր Կովկասում, որտեղ ներկայացված են ջուզգունի համակեցությունները: Տարածքը պատկանում է Հայաստանի Երևանյան ֆլորիստիկ շրջանին, որտեղ աճում են 162 տեսակի անոթավոր բույսեր, որոնցից 11-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում:

​Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներից են՝

  • ​Գեղածնկիկ մատիտեղանման (Calligonum polygonoides)

  • ​Գազ տարօրինակ (Astragalus paradoxus)

  • ​Գազ Մասալսկու (Astragalus massalskyi)

  • ​Գազ Շելկովնիկովի (Astragalus schelkovnikovii)

  • ​Մեխակ լիբանանի (Dianthus libanotis)

  • ​Կնճիթաթերթիկ սապատավոր (Rhinopetalum gibbosum)

​Տարածքում ողնաշարավոր կենդանիների թիվը հասնում է մոտ 33-ի, որոնցից 9-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Դրանցից են՝

  • ​Դալի ավազամուկ (Meriones dahli)

  • ​Լայնականջ ոզնի (Erinaceus (Hemiechinus) auritus)

  • ​Անապատային խաձկտիկ (Rhodopechys githaginea)

  • ​Մոնղոլական խաձկտիկ (Rhodopechys mongolica)

  • ​Միջերկրածովային կրիա (Testudo graeca)

  • ​Անդրկովկասյան մողեսիկ (Eremias pleskei)

  • ​Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ (Phrynocephalus horvathi)

  • ​Երկարոտ սցինկ (Eumeces schneideri)

​Շնորհիվ բնորոշ, յուրահատուկ ֆլորիստիկ բազմազանության և հազվագյուտ ու անհետացող բուսատեսակների և կենդանատեսակների ներկայացվածության մեծ աստիճանի, արգելավայրը հանդիսանում է առանձնահատուկ կարևորություն ունեցող օբյեկտ Հայաստանի ֆլորայի և ֆաունայի պահպանության համար:

​Տեղակայումը և Կոորդինատները

Վայրը՝ ՀՀ, Արարատի մարզ, Արարատյան գոգավորության թեք հարթություններ, Գոռավան գյուղական համայնքի հարավ-արևելյան մասում, Վեդի գետի միջին ավազանի ձախ մասում, Ուրծի լեռնաշղթայի նախալեռներում, ծովի մակարդակից 920-980 մ բարձրության վրա:

Աշխարհագրական կոորդինատները՝ 39.8570° N, 44.8450° E