«Այգիները վառվում են, ջուր չկա, գումարը չեն տալիս»․ արարատցիների բողոքն ու ապահովագրականի արձագանքը
24News-ի խմբագրություն են ահազանգել Արարատի մարզի մի շարք համայնքների բնակիչներ՝ կապված ծիրանի այգիների ցրտահարման և կարկտահարության դեպքերի փոխհատուցման խնդրի հետ։
Ըստ բնակիչների՝ իրենք ապահովագրել են ռիսկերը, իսկ ընկերությունը մինչև օգոստոսի 1-ը պարտավոր էր կա՛մ փոխհատուցում տրամադրել վնասի դեպքում, կա՛մ գյուղացիներին վճարել ապահովագրական հատուցումը։
«Ապահովագրական ընկերությունից եկել են, վնասն են գնահատել։ Հիմա մինչև օգոստոսի 1-ը պետք է փոխհատուցած լինեին մոտ 10 հազար գյուղացիների ապահովագրական վճարը, որ մարդիկ էլ կարողանային իրենց ջրի վարձը մուծել, պարարտացնեին, պատրաստվեին մյուս տարվան։ Օգոստոսից մինչև հիմա ժողովրդին մատների վրա ֆռացնում են՝ գումարները էսօր-վաղը կնստի, ու հիմա փաստի առաջ են կանգնացրել։ Այգիները վառվում են, ջուր չկա, գումարը չեն վճարել»,- ասաց խմբագրություն դիմած գյուղացիներից մեկը։
Ըստ բնակչի՝ ապահովագրական ընկերությունից, որն այս դեպքում հանդիսանում է «EFES Insurance»-ը, չեն ասել, թե երբ կփոխհատուցեն, և իրենք էլ չգիտեն՝ երբ կկարողանան ստանալ գումարը։
«Մարդիկ ո՛չ կարողանում են իրենց վարկերը տալ, ո՛չ պոմպակայանի ջրի գումարը, վարկերի ուշացում էլ ունեն։ Հիմա կարա՞ նախարարը, որ իրա պատճառով 3-4 ամիս ա չեն հատուցում, 10 հազար հոգու վարկերի ուշացումները ջրի կամ հավելյալ տոկոսները։ Մեղավորները ովքե՞ր են, քանի՞ հոգի են ու ինչի՞ դատված չեն»,- վրդովված ասաց գյուղացին։
Գյուղատնտեսության ապահովագրողների ազգային գործակալությունից, սակայն, 24News-ի հետ զրույցում այլ բան են պնդում։
«Մինչև օգոստոսի 1-ը փոխհատուցման ժամկետ չկա, որովհետև պայմանագրերը մինչև օգոստոսի վերջ են նախատեսված, իսկ փոխհատուցումները ներառյալ հոկտեմբերի վերջ են իրականացվում»,- ասաց աշխատակիցը՝ հավելելով, որ 10 հազար պայմանագիր չկա, այլ կա 9528 պայմանագիր՝ այն էլ ՀՀ ամբողջ տարածքից։
«Շատ հատուցումներ լինում են խնդրահարույց։ Ապահովագրական պատահար գրանցվելու դեպքում էլ ընթացակարգ է անցնում։ Մինչև հոկտեմբերի 31-ը մենք, մյուս ապահովագրական ընկերությունները, Էկոնոմիկայի նախարարությունը անում ենք ամեն բան, որ ամեն ինչ հասցնենք»,- մանրամասնեց Գյուղատնտեսության ապահովագրողների ազգային գործակալության աշխատակիցը։
Պատասխանատու կառույցից նշեցին նաև, որ Արարատի մարզում հիմնականում ցրտահարության դեպքեր են գրանցվում, իսկ բացված հայտերը հաճախ ոչ բոլորն են, որ խնդրահարույց չեն, և կարիք է լինում նորից ուսումնասիրություն իրականացնել, երբեմն՝ կրկնակի փորձաքննություն։
Մերի Մանուկյան
Հասմիկ Սարգսյան