Բացահայտիր Արարատը - Տափի բերդ (Գևորգ Մարզպետունու բերդ)

· Արարատի մարզ

Բացահայտիր Արարատը - Տափի բերդ (Գևորգ Մարզպետունու բերդ)

Տափի բերդ-ամրոցը, որը ժողովուրդը Գևորգ Մարզպետունու անունով է կոչում, գտնվում է Խոսրով գետի աջ ափին՝ Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին։

​Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիս-արևելք, Խոսրով գետի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին, բարձունքի վրա, լեռներով շրջապատված կանգնած է ճարտարապետական և ամրաշինական մեծ արժեք ներկայացնող Տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունի ամրոցը։ Այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում, կանոնավոր հատակագծով քառանկյուն մոնումենտալ շինություն է, ունի ճարտարապետական և ամրաշինական մեծ արժեք։ Շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի չորս անկյունները ուժեղացված են շրջանաձև հատակագծեր ունեցող աշտարակներով։ Պարսպի հարավային և արևելյան պատերին կից կան X-XIII դդ. կառուցված բնակելի և տնտեսական թաղածածկ շինություններ։ Պարսպի ներսում է գտնվում նաև 13-րդ դարի եկեղեցին, որը թաղածածկ դահլիճ է՝ կառուցված սպիտակ ֆելզիտի քարերով։ Եկեղեցու հյուսիսային պատին՝ 1256 թվականին փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը։ Եկեղեցու շարվածքում տեղադրված է մարդու սխեմատիկ պատկերով 12-13 դարերի մի տապանաքար, իսկ հյուսիսային պատի տակ՝ XV-XVI դդ. Թաթևոսի տապանաքարն է։ Ամրոցի տարածքում կան նաև մի քանի խաչքարերի բեկորներ։

​Իսկ Տափի վանք-մատուռը որպես գրչօջախ հիշատակվում է 1496 թվականից, որտեղ Բարսեղ գրչի ձեռքով գրվել է «Սաղմոսարանը»։

​Տափի բերդը և եկեղեցին վերականգնվել են 2008-2009 թթ.։

​Տեղակայումը և Կոորդինատները

Արարատի մարզ, Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիս-արևելք (հս-ամ)

Կոորդինատներ — 39.9244° N, 44.7106° E