Կամուրջը փլուզված է մնում. Շտապօգնությունն ու սնունդը Ռանչպար չեն հասնում. Panorama. am
Դեպի Ռանչպար տանող կամրջի փլուզումից հետո գյուղ տանող միակ ճանապարհը փակվել է. շտապօգնության մեքենաները, դպրոցական ավտոբուսը, մանկապարտեզին և գյուղի խանութներին սնունդ ու այլ ապրանքներ մատակարարման մեքենաները չեն կարողանում տեղ հասնել։ Բնակիչները ստիպված են ոտքով, վախը սրտերում անցնել գետի վրայով, որ կամրջի վրա առաջացած հսկա փոսի պատճառով չհայտնվեն ճահճուտում։
Մասիս խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրը բառիս բուն իմաստով հայտնվել է շրջափակման մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ի առավոտյան ավազով բարձված «HOWO» մակնիշի բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի վնասման հետևանքով կողաշրջվել է։

Հարցերն անթիվ են՝ որտե՞ղ են պետական մարմինները՝ կառավարության ղեկավարը, Արարատի մարզպետը, ՏԿԵ նախարարն ու և ինչո՞ւ կանխարգելիչ քայլեր չեն ձեռնարկվել կամրջի փլուզումը թույլ չտալու համար։ Փլուզումից հետո ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկում խնդրի վերացման համար։
Panorama.am-ի հետ զրույցում Ռանչպարի վարչական ղեկավար Վահան Վարդանյանը պատմեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեքենաների երթևեկությունն ամբողջությամբ արգելվել է։
«Փլուզումը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը։ Ռիսկերը գնահատելով՝ երկու կողմից հող ենք լցրել բեռնատարներով ու փակել մուտքն ու ելքը։ Եկող շաբաթվա աշխատանքային օրերին պետք է գան, որպեսզի հասկանանք հետագա անելիքները։ Ես՝ որպես վարչական ղեկավար, դիմել եմ համայնքի ղեկավարին»,-ասաց Վ. Վարդանյանը։
Մասիսի համայնքապետարանից Panorama.am-ին հայտնեցին, որ խնդիրն իրենց իրավասությունից դուրս է, և պետք է դիմել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարություն։ Համայնքապետարանից հայտնեցին, որ կամրջի խնդիրն ավելի վաղ էին արձանագրել և դիմել էին համապատասխան մարմիններին՝ փլուզումը կանխելու համար, սակայն ապարդյուն։
«Դժբախտաբար, կամուրջը փլուզվեց։ Տուժածներ չկան, բայց արդեն մեկ շաբաթ է՝ գյուղից քաղաք գնացողները չեն կարողանում նույնիսկ աշխատանքի հասնել։ Մինչ փլուզումը գերատեսչության կողմից արդեն իսկ քայլեր էին արվել նախագծման ուղղությամբ։ Այսօր քիչ առաջ անցել ենք այդ տարածքով, այնտեղ աշխատանքներ իրականացվում էին։ Բնականոն ընթացքը, բնականաբար, խաթարված է. ունենք ուսանողական ավտոբուս, որը չի կարողանում գյուղ մտնել, և գյուղից եկող աշխատակիցներ։ Այս ամենը մենք շատ լավ հասկանում ենք»,- նշեց Մասիսի համայնքապետարանի մամուլի քարտուղաը։
Մինչդեռ ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում պնդեց, թե դեռևս անցյալ տարի նախարարության պատվերով մեկնարկել են 13 կմ ճանապարհահատվածի (ներառյալ կամրջի) նախագծման աշխատանքները։
«Նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ էին, բայց քանի որ հիմա հրատապ առաջացավ կամրջի փլուզման խնդիրը, այն առանձնացվել է։ Առանձին կիրականացվի կամրջի հիմնանորոգումը, այնուհետև՝ ճանապարհինը»,- նշեց Ս. Հարությունյանը՝ վստահեցնելով, որ խնդիրը կլուծվի հնարավոր կարճ ժամկետներում։
Ուշագրավ է, որ պատասխանատու մարմինների հայտարարություններում առկա են ակնհայտ հակասություններ։ Մասիսի համայնքապետարանից պնդում են, որ կամրջի տարածքում արդեն իսկ որոշակի աշխատանքներ են իրականացվում, ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ շինարարական աշխատանքները միայն «առաջիկայում կսկսվեն», Ռանչպարի վարչական ղեկավարն էլ փաստում է, որ տեղում դեռ ոչ մի աշխատանք չի արվել։