Ռանչպար տանող կամուրջը ժամանակավոր կվերականգնվի․ առաջարկվում են շրջանցիկ երթուղիներ. Ճանապարհային դեպարտամենտ

· Արարատի մարզ

Ռանչպար տանող կամուրջը ժամանակավոր կվերականգնվի․ առաջարկվում են շրջանցիկ երթուղիներ. Ճանապարհային դեպարտամենտ

Ռանչպար բնակավայր տանող կամրջի առնչությամբ տեղեկացնում ենք, որ ընթացքի մեջ են 13կմ ճանապարհահատվածի, այդ թվում՝ կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազման աշխատանքները։

Սակայն փլուզման պատճառով կամուրջն առանձնացվել է ընդհանուր նախագծից, և այն հրատապության կարգով ժամանակավոր կվերականգնվի, մինչև հիմնական աշխատանքների մեկնարկը։

Կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքները կմեկնարկեն հնարավորինս շուտ։

Միաժամանակ վարորդներին առաջարկում ենք երթևեկության համար փակ կամուրջը շրջանցող հետևյալ 2 ուղղությունները՝

1. Մ-2 ավտոճանապարհից Ռանչպար երթևեկել Դիմիտրովի տրանսպորտային հանգույցից դեպի Արաքսավան (Տ-2-28), այնուհետև՝ դեպի Ռանչպար բնակավայր։

2. Մ-3 ավտոճանապարհից դեպի Ռանչպար բնակավայր երթևեկել Հ-12-ով՝ Ջրառատ և Արաքս բնակավայրերով։