Արտաշատում անցկացվել է Տարոն Անդրեասյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը. Արտաշատի համայնքապետարան
· Արտաշատ
Արտաշատի Ռ. Գոլեցյանի անվան ՕՀ մարզադպրոցում երկրորդ անգամ անցկացվեց 44-օրյա պատերազմում անմահացած արտաշատցի Տարոն Անդրեասյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը, որին մասնակցում էին մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից և արտերկրից։
Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Տարոնի հայրը՝ Հարություն Անդրեասյանը, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդատյանը, մարզիկներ, մարզիչներ և մարզասերներ։
Հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, այնուհետև ներկայացվեց Տարոնի կենսագրությունն ու անցած ուղին, նրա մղած հերոսական պայքարը՝ հանուն հայրենիքի։
«Տարոն Անդրեասյանի անվան հուշամրցաշարը, որն անցկացվում է 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, հարգանքի տուրք է ինչպես նրա, այնպես էլ պատերազմում անմահացած բոլոր հերոսների հիշատակին։
Ուրախ եմ, որ այս մրցաշարին մասնակցում են նաև պատանի մարզիկներ։ Տարոնի կյանքը, անցած ուղին, նրա նվիրումն ու հայրենիքի համար մղած հերոսական պայքարը նրանց համար լավ դաս ու օրինակ են լինելու՝ հիշեցնելով, թե ինչ արժեքներ պետք է կրեն իրենց մեջ։
Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջողություն»՝ իր խոսքում նշեց համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։
Մրցաշարն անցավ թեժ և դիտարժան գոտեմարտերով։ Հաղթող մարզիկները պարգևատրվեցին մեդալներով և հավաստագրերով։
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և ներկաները այցելեցին Մխչան բնակավայրում գտնվող Տարոն Անդրեասյանի անվան պուրակ, որտեղ ծաղիկներ խոնարհեցին Տարոնի և 44-օրյա պատերազմում անմահացած բոլոր հերոսների հիշատակին՝ ևս մեկ անգամ իրենց հարգանքի տուրքը մատուցելով նրանց անմար հիշատակին։