Բացահայտիր Արարատը- Սուրբ Թադեոս եկեղեցի
· Մասիս
Սուրբ Թադեոս եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցու կառույց է, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս քաղաքում:
Եկեղեցու կառուցման վայրը ընտրվել է 1991 թվականին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, և նույն տարում կատարվել է հիմնարկեքը: Շինարարական աշխատանքները սկսվել են 2003 թվականին՝ բարերար Հրանտ Վարդանյանի նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ: 2015 թվականին եկեղեցու շինարարությունն ավարտին են հասցրել նրա որդիները՝ Միքայել և Կարեն Վարդանյանները: Այն կոչվել է Սուրբ Թադեոս առաքලի անունով և օծվել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ 2015 թվականի հոկտեմբերի 4-ին:
Անմիջապես եկեղեցու մուտքի առջև տեղակայված է մոմավառության ընդարձակ սրահ, որը 2025 թվականին Միքայել և Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ հիմնովին վերակառուցվել ու ընդարձակվել է, և այնտեղ տեղադրվել են 12 սրբապատկերներ: Եկեղեցու բակում է գտնվում Հրանտ Վարդանյանի հիշատակի աղբյուրը: 2016 թվականի ապրիլի 24-ին բարերարների նախաձեռնությամբ բակում տեղադրվել է խաչքար՝ նվիրված Մեծ եղեռնի սրբադասված 1,5 միլիոն նահատակների հիշատակին (քանդակագործ՝ Արտակ Համբարձումյան): 2021 թվականին Արարատի մարզում հիմնվել է Մասյացոտն թեմը, և Սուրբ Թադեոս եկեղեցին ընտրվել է որպես առաջնորդանիստ, իսկ 2025 թվականին կառուցվել է թեմի առաջնորդարանի երկրորդ հարկը:
Եկեղեցու ճարտարապետներն են Արթուր և Անահիտ Թարխանյանները: Այն հայկական եկեղեցաշինության ավանդույթների և ժամանակակից ճարտարապետական ու շինարարական լուծումների համադրություն է: Եկեղեցին եռաստիճան է, առանձնանում է իր կոմպոզիցիայով և ծավալատարածական լուծումներով: Նهاկան տարածքը ձևավորված է երկու խաչվող քառակուսիներով, որոնք խորհրդանշում են հավերժությունն ու հավատի մաքրությունը: Գմբեթը հենված է կիսախաչվող կամարների վրա, իսկ արտաքինից ու ներսից երեսպատված է յուրահատուկ ոճով՝ կենտրոնից դեպի եզրերը գույները դառնում են ավելի բաց, հիմքից դեպի գմբեթ՝ ավելի մուգ:
Տաճարի բարձրությունը, առանց գմբեթի խաչի, 33 մետր է, ինչը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի տարիները: Եկեղեցին շրջապատող պարսպի ամբողջ երկայնքով փորագրված է աստվածաշնչյան 33 պատգամ:
Տեղակայումը. Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, ք. Մասիս, Նոր թաղամաս
Կոորդինատներ
40°3'43"N 44°26'31"E