Այնթապում բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահաս աղջնակի վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

· Արարատի մարզ

Այնթապում բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահաս աղջնակի վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Այնթապ գյուղի 10֊րդ փողոցում, «Արամե» մարկետի դիմաց բախվել են «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան և անչափահա աղջնակի վարած մոպեդը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը նախ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի, դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի, դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սամվել Կարապետյանը և Աղվան Մաթևոսյանը։

Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալներ Ներսես Մուրադյանի, Գեղամ Մկրտչյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի վարորդի և մոպեդավար աղջնակի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին, որ մոպեդավարը եղել է 14-ամյա աղջնակ։