Բացահայտիր Արարատը — Պարույր Սևակի տուն‑թանգարան

Պարույր Սևակի տուն-թանգարանը գտնվում է բանաստեղծի ծննդավայրում՝ Զանգակատուն գյուղում:
Այն բացվել է Պարույր Սևակի ողբերգական մահվան 10-րդ տարելիցի օրը՝ 1981 թվականի հունիսի 17-ին: Տուն-թանգարանի շենքն ընդգրկված է Հայաստանի հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների ցանկում:
Թանգարանը կառուցվել է գրողի առանձնատան կողքին, այգու հարևանությամբ: Նախագծի հեղինակն է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը: Ըստ նախագծի՝ տուն-թանգարան համալիրը ներառելու էր նախասրահ-դահլիճ, ցուցասրահներ, մատուռ-զանգակատուն, ամֆիթատրոն:
Իրականացվել է նախագծի միայն մի մասը՝ ներկայիս նախասրահ-դահլիճը:
2015 թվականի մարտին բացվեց տուն-թանգարանի նոր մասնաշենքը, որն ունի զանգակատան տեսք: Այն ներառում է տուն-թանգարանի վարչական մասը, գրապահոցը և ընդունելությունների սրահը:
Պարույր Սևակի տուն-թանգարան համալիրն այսօր ներառում է թանգարանի երկու մասնաշենքերը, բանաստեղծի կառուցած առանձնատունը (1960), այգին և հայրական տունը (1924):
Ցուցասրահը հարստացված է Պարույր Սևակին նվիրված՝ նկարիչ Սարգիս Մուրադյանի՝ 1985-1986 թվականներին կատարած մեծադիր որմնանկարով, որտեղ ներկայացված են գրողի կյանքի և ստեղծագործության կարևոր շրջափուլերը:
Թանգարանի նախասրահ-դահլիճում ցուցադրված են բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող ցուցանմուշներ՝ անձնական իրեր, վավերագրեր, ձեռագրերի պատճեններ, տարբեր լեզուներով հրատարակություններ:
Ցուցասրահի մի անկյունում ճշգրտությամբ վերարտադրված է Պ. Սևակի՝ երևանյան բնակարանի (հասցե՝ Կասյան 3) աշխատասենյակը՝ բնօրինակ կահույքով և ցուցանմուշներով: Թանգարանում պահպանվում են շուրջ 700 ցուցանմուշներ և Պ. Սևակի անձնական գրադարանի 1000-ից ավելի գրքեր:
Տուն-թանգարանի բակում՝ այգու արևելյան հատվածում են գտնվում Պարույր Սևակի, նրա կնոջ՝ Նելլի Մենաղարաշվիլու, և ծնողների՝ Ռաֆայել և Անահիտ Սողոմոնյանների շիրիմները:
2019 թվականից թանգարանի ցուցադրության մաս է կազմում նաև Պարույր Սևակի հայրական տունը: 1926 թվականին այդ տանն են հաստատվել հայ մեծանուն բանաստեղծի ծնողները՝ Ռաֆայել և Անահիտ Սողոմոնյանները, հորեղբայրը՝ Վահան Սողոմոնյանը: Այստեղ են անցել Պ. Սևակի մանկությունն ու պատանեկությունը (1926-1940):
Տան առջև փռված է մի փոքրիկ այգի՝ խնձորի, ծիրանի, ընկույզի ծառերով: Ինչպես այդ շրջանում գյուղի մյուս տները, Պ. Սևակի հայրական տունն էլ ունեցել է հարթ տանիք:
Տների այսպիսի կառուցվածքը բնորոշ է եղել Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներին: Պատերը կավածեփ են, տանիքը՝ հողածածկ: Այս շինության մաս է կազմում էլվանը, որտեղ գտնվում են թոնիրները, իսկ դրանց հարևանությամբ սանդն է, որի մեջ օպակով ձավար են ծեծել, այնուհետև՝ երկանքով աղացել: Էլվանին կից գոմն է, իսկ դրա հարևանությամբ՝ օջախը:
Վերջինս այն սենյակն է, որտեղ ապրել է ամբողջ ընտանիքը: Սենյակի կահավորանքը կազմել են թախտերը, որոնցից մեկի վրա հավաքվել է տան անկողինը: Սենյակի մեջտեղից բարձրանում է մի հաստ սյուն, որը ոչ միայն տանիքի հիմնական գերանի հենակն է, այլև ծայարել է որպես զանազան առարկաների, այդ թվում՝ նավթի լامպի կամ ձեթի ճրագի կախարան:
Սենյակի կենտրոնում թոնիրն է, որի վրա ուշ աշնանից մինչև գարուն և ավարտ դրվող քուրսին ծառայել է և՛ ճաշասեղան, և՛ զրույցասեղան, իսկ հետո նաև գրասեղան՝ պատանի Պարույրի համար: Թոնիրը ոչ միայն լավաշ թխելու, ճաշ եփելու համար էր, այլև՝ սենյակում ջերմություն ապահովելու:
Օջախի հարևանությամբ է գտնվում հացատունը կամ մարագը, որը նաև մառանի դեր է ունեցել: Այտեղ պահվել են կենցաղային իրեր և գյուղատնտեսական գործիքներ:
Տունը բնակեցված է եղել մինչև 1980-ական թվականները: Այնտեղ ապրել են Պ. Սևակի ծնողները և հորեղբայրը (մինչև 1960-ականները), իսկ հետո ընտանիքի մտերիմ ազգականները:
Թանգարանում հաճախ են կազմակերպվում սևակյան պոեզիայի օրեր, ընթերցումներ, պոեզիայի ձայնագրություններ՝ հենց բանաստեղծի ընթերցմամբ:
Տեղակայումը՝ Հայաստան, Արարատի մարզ, Զանգակատուն գյուղ
Կոորդինատներ՝ 39°49'13.95246″N 45°2'0.98599″E