Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար

· Արարատի մարզ

Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար

Սեպտեմբերի 27-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մրգավետ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական և համայնքային ոստիկանները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկների հետ համատեղ պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, Մրգավետ-Ջրաշեն ավտոճանապարհին արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Արարատի մարզի բնակիչներ՝ 30-ամյա Գևորգ Շ.-ն, 30-ամյա Գոռ Ն.-ն և 22-ամյա Ռաֆայել Ս.-ն վիճաբանել են եղբայրներ, Արարատի մարզի բնակիչներ՝ 22-ամյա Շակո Հ.-ի, 25-ամյա Արման Հ.-ի, 26-ամյա Մհեր Հ.-ի և նրանց հորեղբոր որդու՝ Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Սաշա Հ.-ի հետ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության ընթացքում մասնակիցները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով Շակո Հ.-ն, Արման Հ.-ն, Մհեր Հ.-ն և Սաշա Հ.-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Քրեական և համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Շ.-ին, Գոռ Ն.-ին և Ռաֆայել Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։