Բացահայտիր Արարատը-Վեդի

· Վեդի

Բացահայտիր Արարատը-Վեդի

Վեդին Հայաստանի Արարատի մարզի քաղաքներից է, որն ունի հարուստ պատմություն, բնաշխի առանձնահատկություններ և զարգացող տնտեսություն: Քաղաքի անվան ծագման մասին կան բազմաթիվ վարկածներ, որոնցից առաջինի համաձայն՝ անվանումն առաջացել է պարսկերենից և նշանակում է կիրճ: Այն քաղաքի կարգավիճակ է ստացել 1995 թվականի վարչատարածքային բաժանման ժամանակ, մինչ այդ ունեցել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ, իսկ Վեդի է վերանվանվել 1946 թվականին:

​Քաղաքի տեղանքը հարթ է, թույլ թեքված դեպի արևմուտք: Բուն կենտրոնական մասում գտնվում է հարթեցված գագաթով մոտ 10 մ հարաբերական բարձրությամբ երկրաբանական ավելի հին ապարներից կազմված բլուր: Ծովի մակերևույթից այն ունի մոտ 900 մ բարձրություն: Վեդի քաղաքը գտնվում է Երևան-Իրան, Երևան-Ստեփանակերտ միջպետական ճանապարհից 8 կմ արևելք, Վեդի գետի ստորին հոսանքում: Տեղակայված է Միջինարաքսյան գոգավորությունում, Վեդի գետի ձախափնյա սարավանդում, Երևանից 48 կմ հեռավորության վրա, անմիջապես քաղաքի կողքին է գտնվում Գոռավան անապատը: Քաղաքի միջով հոսում է Վեդի գետը, բացի այդ կան նաև ստորգետնյա հանքային ջրերի պաշարներ:

​Վեդին գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտում, որտեղ ձևավորվել է կլիմայի չոր, խիստ ցամաքային տիպ: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, նվազագույն ջերմաստիճանը դիտվել է – 32 °C: Կայուն ձնածածկույթ ձևավորվում է ոչ ամեն տարի, բնորոշ է ջերմաստիճանային շրջադարձությունը: Ամառը շog է, տևական՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմաստիճանը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 45 °C: Բնորոշ են լեռնահովտային քամիները, որոնք մեղմացնում են քաղաքի ամառային տապը, հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Բնական լանդշաֆտը կիսաանապատային է, հումուսից աղքատ գորշ հողերը վերածվել են կուլտուրական ոռոգելի հողերի:

​Վեդի քաղաքի հիմնադրման տարեթվի մասին ստույգ տեղեկություններ չկան, առաջին հիշատակություններն սկսվում են դեռևս ուրարտական ժամանակներից: Առաջին անգամ Վեդին հիշատակվում է XIII դարում Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Սիսական աշխարհի» աշխատության մեջ՝ Նորավանքի և Զնջռլուի Սուրբ Կարապետ վանքի արձանագրություններում: Մինչև XVII դարը եղել է մեծ բնակավայր, 1830 թվականին ունեցել է Վերին Վեդի անվանումը:

​Բնակիչների նախնիների մի մասը 1915-1920 թվականներին գաղթել է Արևմտյան Հայաստանի Վանից, Շատախից, Մուշից, իսկ նոր ժամանակներում՝ Մարտունու, Սիսիանի և Եղեգնաձորի շրջաններից:

​Վեդին ունի զարգացած գյուղատնտեսություն, որն ունի մերձքաղաքային տնտեսության ուղղվածություն, այսինքն՝ մատակարարում է գյուղատնտեսական թարմ մթերքներ նաև մայրաքաղաքին: Շոգ կլիմայի շնորհիվ գյուղատնտեսական հողահանդակները պարտադիր ոռոգման կարիք ունեն, ունի ոռոգման խիտ ցանց և օգտագործվում են Ազատ գետի, Արտաշատի ջրանցքի և ստորգետնյա արտեզյան ավազանի ջրերը: Հիմնական ուղղություններն են խաղողագործությունը և պտղաբուծությունը, զբաղվում են նաև այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:

​Տեղակայումը՝ Արարատի մարզ, ք. Վեդի

Կոորդինատներ՝ 39°54′36″N 44°43′48″E