Բացահայտիր Արարատը - Ապակեբլուր՝ Հայաստանի գաղտնի բուրգը

Ապակեբլուրը առեղծվածային վայր է Հայաստանի Արարատի մարզի Գետազատ գյուղում: Այն հայտնի է նաև «Դվինի բուրգ» կամ «Գետազատի բուրգ» անուններով: Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների ցուցակում այն ներկայացված է Ապակեբլուր անունով, իսկ մամուլի հրապարակումներում ու գիտական շրջանակներում հաճախ օգտագործվում են Դվինի բուրգ կամ Գետազատի բուրգ անվանումները:
Բլրի մասին հրապարակումներն ու լուրերը սկսել են հայտնվել 2010-ական թվականներից: Հետազոտող Վարդգես Պետրոսյանն այն համարում է արհեստական կառույց, որի ճարտարապետական ձևը նման է մայաների բուրգերին: Նրա պնդմամբ՝ բրգաձև կառույցը պատված է 2 մետրից ավել հողային և 60 սմ շաղախի շերտով: Այս վարկածը սատարում են մի շարք ուսումնասիրողներ, ինչպիսիք են Գրիգորի Պոպլավսկին և Գրեմ Հենքոքը:
Դոկտոր-պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի կարծիքով՝ բլուրը բնական գոյացություն է, իսկ գագաթին եղած կառույցը, որը դեռևս չի պեղվել, 13-14-րդ դարերի մահմեդական դամբարան է: Բրգաձև բլրի գագաթին առկա են շինության հետքեր, որոնք բացվել են Գետազատ գյուղի բնակիչների կողմից: Սիրողական պեղումները կազմակերպվել են գյուղի բնակիչ Ալբերտ Պողոսյանի կողմից: Նրա խոսքով՝ փոս են փորել, հայտնաբերել քարե կառույցի վերին մասի քարերից: Սիրողական պեղումների համար բլրի գագաթին փորված փոսը հաճախ գրավել է գանձագողերի ուշադրությունը: Կա նաև վարկած, որ բլուրը հանդիսանում է Դվին մայրաքաղաքի բրգաձև կառույցներից մեկը:
Բլրի լանջերին աճում են խիստ հազվադեպ հանդիպող վարդակակաչ երկծաղիկ (լատիներեն՝ Tulipa biflora) և Կարմիր գրքում գրանցված կնճիթաթերթիկ սապատավոր (լատիներեն՝ Rhinopetalum gibbosum) բուսատեսակները:
Տեղակայումը. Հայաստան, Արարատի մարզ, Գետազատ գյուղ, Տիկնունի ամրոցի հարևանությամբ
Կոորդինատներ
40.0465, 44.5772