Բացահայտիր Արարատը - Սուրբ Հովհաննես (Կարապետի) վանք

· Արարատի մարզ

Բացահայտիր Արարատը - Սուրբ Հովհաննես (Կարապետի) վանք

Միջնադարյան հայկական ճարտարապետական այս համալիրը գտնվում է Արարատի մարզում, այժմ լքյալ գյուղատեղից 1կմ հյուսիսարևելք, Ուրծի լեռների հյուսիսային փեշին, Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում: Համաձայն վանքի սակավաթիվ վիմագիր արձանագրություններից մեկի, այն հիմնել են Օրբելյանները XIV դ. սկզբներին՝ որպես իրենց տոհմի գերեզմանատուն:

​Հովհաննես Ս. Կարապետ վանական համալիրը բաղկացած է Սպիտակավոր Ս. Աստվածածին եկեղեցուց (1301 թ.), ժամատնից (XIV դ.), երկհարկ դամբարանից, միաբանության շենքերից (1896 թ.), պարսպից (1897 թ.):

​Ս. Աստվածածին Սպիտակավոր եկեղեցի - ըստ եկեղեցու հարավային պատի վիմագիր արձանագրության `կառուցել է Բուտ ճարտարապետը 1301 թ.՝ Օրբելյան Տարսայիճ իշխանի որդի, Ջալալ իշխանի կին Գոմցայի պատվերով: Եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով, խորանի 2 կողմում ուղղանկյուն, երկհարկ ավանդատներով, գմբեթավոր դահլիճ է, որի սլացիկ, գլանաձև թմբուկով գմբեթը պարզված է հովանոցաձև ծածկով: Արևմտյան շքամուտքի բարավորին և նրանից վեր բարձրարվեստ բարձրաքանդակներ են, որոնց հեղինակը Սարգիս վարդապետ նկարիչն է: Եկեղեցու ներսում ընկած մի մեծ քարի վրա՝ Պռոշյանների տոհմանիշ բարձրաքանդակն է, թևատարած արծիվը՝ խոյը ճանկերում բռնած:

​Ժամատուն - կառուցված է Ս. Աստվածածին եկեղեցուց հարավարևմուտք։ Թվագրվում է XIV դ.: Այն ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ կառույց է (այժմ՝ քանդված):

​Երկհարկ եկեղեցի-դամբարան - կից է ժամատանը արևմտյան կողմից։ Ավերված է զանգակատան ռոտոնդան:

​Միաբանության շենքեր - կառուցված են վանքի պարսպին կից։ Թվագրվում են 1896 թ.:

​Պարիսպ - շրջափակում է վանքի հուշարձանները։ Այն ուղղանկյուն է և կառուցվել է 1897 թ.:

​Վանական համալիրն ունեցել է իր առանձին ջրմուղը՝ կավե թրծված խողովակներով, որոնք ձգվում էին մինչև ջրամբար:

​Վանքի գերեզմանոցում պահպանված են նուրբ զարդաքանդակներով խաչքարեր և կենցաղային պատկերներով գերեզմանաքարեր:

​

​Տեղակայումը

Արարատի մարզ, Լուսաշող գյուղից հարավ-արևմուտք, Ուրծի լեռների հյուսիսային փեշ, Մոշաղբյուր գյուղատեղի

Կոորդինատներ

(39.8775, 44.8322)