Արտաշատը նշեց հիմնադրման 2215-ամյակը. Արտաշատի համայնքապետարան
· Արտաշատ
Արտաշատը տոնեց հիմնադրման 2215-ամյակը։
Հոբելյանական տոնը համախմբել էր բազմաթիվ հյուրերի՝ Հայաստանից և արտերկրից՝ Արտաշատի քույր քաղաք Կլամարի պատվիրակությանը՝ քաղաքապետ Իվ Կոսկասի գլխավորությամբ, հյուրեր Հունգարիայից, ինչպես նաև ողջ հանրապետությունից։
Օրը հագեցած էր բազմաբնույթ մշակութային, ժամանցային և մարզական միջոցառումներով՝ մեկտեղելով քաղաքի հարուստ պատմությունը, ազգային ավանդույթներն ու ժամանակակից մշակութային կյանքը։
Տոնակատարությունը մեկնարկեց հարգանքի տուրքով, որին հաջորդեց պարային խմբերի խորհրդանշական ելույթը․ պարողների միասնական շարժումներով ձևավորվեց 2215 թիվը՝ խորհրդանշելով քաղաքի դարավոր պատմությունն ու հարուստ ժառանգությունը։
Տոնական քայլերթը շարունակվեց փողային նվագախմբի հնչյունների ներքո, որի ընթացքում ներկայացվեց նաև հայկական ավանդական «Բերդ» պարը։
Հանդիսավորությամբ բացվեց Արտաշատի վերանորոգված քաղաքային լիճը, որից հետո քայլերթը շարունակվեց դեպի Արտաշատի թատրոնամերձ հրապարակ։ Այստեղ գյուղական բնակավայրերն ու տնտեսվարողները ներկայացրել էին Արտաշատի արևահամ բերքն ու բարիքը, տեղական արտադրանքը՝ ներկայացնելով համայնքի տնտեսական և գյուղատնտեսական ներուժը։
Տոնական օրվա ընթացքում մշակութային կատարումներն ու ժամանցային միջոցառումները հաջորդում էին միմյանց։ Արտաշատի Արարատյան փողոցի նորակառույց զբոսայգում և սպորտային հրապարակում կազմակերպվել էին ժամանցային խաղեր ու ֆուտբոլային հանդիպում՝ Հայկ Ֆրիսթայլի մասնակցությամբ։ Տոնական ծրագրի մաս էին կազմում նաև օդապարիկներով թռիչքները։
Օրվա կարևորագույն իրադարձություններից էր «Արտաշատի հիմնադրումը» պատմական ներկայացումը, որը ներկաներին տեղափոխեց քաղաքի պատմության ակունքներ՝ ևս մեկ անգամ արժևորելով Արտաշատի պատմական նշանակությունն ու հարուստ ժառանգությունը
։
Տոնական օրը եզրափակվեց սիրված երգիչ Արկադի Դումիկյանի համերգային ծրագրով և շքեղ հրավառությամբ՝ ներկաներին պարգևելով անմոռանալի հույզեր ու տպավորություններ։
Օրվա ջերմ ու մտերմիկ ավարտը դարձավ խարույկի շուրջ կազմակերպված թեյախմությունը՝ համախմբելով հյուրերին և քաղաքի բնակիչներին ջերմ մթնոլորտում։