Բացահայտիր Արարատը — Հավուց Թառ

Հավուց Թառի վանք
Հավուց Թառը միջնադարյան հայկական վանական համալիր է, որը կառուցվել է 11-13-րդ դարերում: Այն գտնվում է բարձր բլրի վրա՝ հսկելով Գառնի և Գողթ գյուղերից ոչ հեռու գտնվող Ազատ գետի հովտի հրաշագեղ բնապատկերը: Երբեմնի ծաղկուն հոգևոր և մշակութային այս կենտրոնը զարդարված է եղել հարյուրավոր խաչքարերով, գերեզմանաքարերով ու նուրբ զարդաքանդակներով, որոնց վրա փորագրված հնագույն արձանագրությունները պահպանել են պատմության շունչը:
Պատմական աղբյուրների համաձայն՝ Հավուց Թառը հիշատակվում է դեռևս վաղ միջնադարից, սակայն որպես խոշոր վանական համալիր ձևավորվել է 1013 թվականին՝ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կողմից կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցով: Հետագայում՝ 12-13-րդ դարերում, վանքը վերելք է ապրել, հարստացել նոր շինություններով, գրչության կենտրոնով և պարսպապատվել: Համալիրը բաղկացած է եղել երկու հիմնական խմբից՝ արևմտյան (հին) և արևելյան (գլխավոր), որոնք իրենց մեջ ներառել են եկեղեցիներ, գավիթ, բնակելի ու տնտեսական շինություններ, ինչպես նաև հզոր պարիսպներ:
Ժամանակը չի կարողացել ջնջել այս վանքի վեհությունն ու գեղեցկությունը, թեև խիստ ճակատագրի՝ 1679 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով համալիրը զգալիորեն վնասվել է, լքվել և մատնվել լռության: 18-րդ դարում Աստվածատուր կաթողիկոսը փորձել է մասամբ վերականգնել վանքը՝ օգտագործելով հին շինությունների քարերը, սակայն համալիրն այլևս չի վերագտել իր նախկին փառքը:
Հավուց Թառ տանող ճանապարհն անցնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքով, որտեղ բնությունն ինքն է կարծես պահպանում սրբավայրի հին ավերակները: Քանի որ արգելոցի տարածք մեքենաների մուտքն արգելված է, Գառնիից սկսվող և մոտ 30-40 րոպե տևող քայլարշավը վերածվում է իսկական ուխտագնացության՝ բացելով հիասքանչ տեսարաններ դեպի Ազատի կիրճն ու շրջակա լեռները: Վանքի ավերակները կանգնած են լեռների համայնապատկերին՝ որպես անցած դարերի լուռ վկաներ, որտեղ քարերն ավելի հստակ են խոսում, քան բառերը:
Տեղակայումը
Ազատ գետի ձախ ափին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում:
Կոորդինատներ՝ 40°06'51.4"N 44°45'52.1"E (40.114278, 44.764472)