Բացահայտիր Արարատը-Աբովյան գյուղ
Հայաստանի պատմական անկյուններից մեկում՝ Արարատի մարզում է գտնվում Աբովյան գյուղը, որը հիմնադրվել է 1830 թվականին: Այս բնակավայրն ունի ուրույն ժողովրդագրական արմատներ, քանի որ տեղի բնակիչների մի մասի նախնիները տարիներ առաջ գաղթել են Խոյ և Սալմաստ գավառներից՝ իրենց հետ բերելով հարուստ ավանդույթներ:
2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության թիվը հասել է 1722 անձի:
Տեղի մարդկանց բնավորության գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նրանք ի բնե հայրենասեր են, ազգասեր, խիստ կարգապահ, աշխատասեր ու բացառիկ հյուրասեր, ինչն անմիջապես զգացվում է յուրաքանչյուր այցելության ժամանակ:
Աբովյան գյուղն աչքի է ընկնում իր զարգացած գյուղատնտեսությամբ և հատկապես բարձրորակ այգեգործությամբ: Համայնքը հայտնի է իր համեղ մրգերով. այստեղ մեծ ծավալով մշակվում են ծիրանենի, դեղձենի և սալորենի: Բացի այդ, բնակավայրը հայտնի է ժամանակակից ջերմոցային տնտեսության ակտիվ զարգացմամբ և չրագործությամբ, որոնք հանդիսանում են տեղական արտադրության այցեքարտը:
Գյուղատնտեսական այս ուղղություններին զուգահեռ բնակիչները մասամբ զբաղվում են նաև բանջարաբուծությամբ և անասնապահությամբ: Գյուղն աչքի է ընկնում նաև իր պատմամշակութային ժառանգությամբ. այստեղ է գտնվում տեղացիների և հյուրերի համար սրբատեղի հանդիսացող 19-րդ դարի «Թուխ Մանուկ» մատուռը:
Տեղակայումը՝ Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Աբովյան գյուղ
Կոորդինատները՝ 40°02'55"N 44°32'44"E