Հովտաշենի բնակիչը բաց նամակով դիմել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 05:00-ից, իմ բնակարանում բացակայում է էլեկտրամատակարարում։ Առավոտյան կապ եմ հաստատել էլեկտրական ցանցի աշխատակիցների հետ՝ խնդրելով հնարավորինս արագ լուծում տալ խնդրին։
Հատուկ տեղեկացրել եմ, որ իմ տունը ջեռուցվում է բացառապես էլեկտրաէներգիայի միջոցով, և տանը կան անչափահաս երեխաներ, որոնք ստիպված են մնալ ցուրտ պայմաններում։
Սակայն արդեն երեկո է, և մինչ այս պահը խնդիրը չի լուծվել։
Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ Հովտաշեն համայնքում հոսանքազրկումը համատարած չէ։
Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ էլեկտրամատակարարման բացակայության պատճառը էլեկտրահենասյան վրայից էլեկտրական լարի պոկվելն է։ Այսինքն՝ խնդիրը հայտնի է, և հոսանքազրկման պատճառը կապված է վնասված լարի հետ։ Չնայած խնդրի մասին ժամանակին տեղեկացնելուն՝ մինչ օրս անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները չեն իրականացվել, և իմ բնակարանը շարունակում է մնալ առանց էլեկտրամատակարարման։
իմ խնդրին առավոտից մինչ այս պահը որևէ գործնական լուծում չի տրվել։
Հարգելի՛ պարոն Պետրոսյան, ես՝ որպես էլեկտրաէներգիայի սպառող, պարտաճանաչ կատարում եմ իմ վճարային պարտավորությունները և ակնկալում եմ նույնքան պատասխանատու վերաբերմունք նաև ծառայություն մատուցող ընկերության կողմից։
Հասկանում եմ, որ վթարներ կարող են լինել, սակայն անընդունելի է, երբ քաղաքացին առավոտից ահազանգում է, ներկայացնում իր ընտանիքի ծանր իրավիճակը, բայց մինչև երեկո մնում է առանց որևէ լուծման։
Արդյո՞ք նորմալ է, որ 21-րդ դարում ընտանիքը, որտեղ անչափահաս երեխաներ կան, ամբողջ օրը մնա առանց էլեկտրաէներգիայի և ջեռուցման, իսկ պատասխանատու կառույցը չկարողանա ժամանակին արձագանքել։
Պահանջում եմ Ձեր անձնական միջամտությունը, անհապաղ վերականգնել իմ բնակարանի էլեկտրամատակարարումը և պարզաբանել խնդրի լուծման այսքան երկար ձգձգման պատճառները։