«Մասիս» բժշկական կենտրոնի առջև այլևս անձրևաջրերի կուտակում տեղի չի ունենա, ջրահեռացման աշխատանքներ են սկսվել
· Մասիս

SHAMSHYAN.com-ը նոյեմբերի 22-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Մասիս քաղաքի «Մասիս» բժշկական կենտրոնի հարևանությամբ տիրող արտակարգ իրավիճակի մասին, երբ շտապօգնությունն և բուժառուները պիտի առնվազն ավտոմեքենաները փոխեին նավակներով, որ կարողանային հասնել բժշկական կենտրոն։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակման հաջորդ օրը Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը քաղաքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների հետ ժամանել է նշված վայր, որը Մասիս քաղաքի 3-րդ թաղամասն է, ու ուսումնասիրելով խնդիրը տվել է հանձնարարականներ։ Միայն մեկ օր հատուկ ջրահեռացման պոմպերով կուտակված անձրևաջուրը հեռացվել է, իսկ այսօր՝ նոյեմբերի 25-ին, արդեն հատուկ տեխնիկայով սկսվել է նոր ջրահեռացման խողովակների ու դիտահորերի տեղադրումը, որից հետո ըստ մասնագետների այլևս անձրևների պատճառով այն չի վերածվի մինի Վենետիկի։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 22-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզում։ Տեղացած հորդառատ անձրևների հետևանքով «Մասիս» բժշկական կենտրոնի մոտ արհեստական լճակ էր գոյացել։
Գոյացած լճակը լուրջ խոչընդոտ էր դարձել հիվանդանոց այցելող քաղաքացիների, բուժառուների և շտապօգնության ավտոմեքենաների տեղաշարժի համար։ Մի քանի ավտոմեքենաներ մնացել էին ջրի մեջ, իսկ վարորդները չէին կարողացել անցնել տվյալ հատվածով։
Շտապօգնության ավտոմեքենաները դժվարությամբ էին անցել այդ հատվածով, իսկ հիվանդանոց այցելող բուժառուներն ու քաղաքացիները ստիպված էին նավակներով հասնել բժշկական կենտրոն։
Ստեղծված իրավիճակը լուրջ անհարմարություններ էր պատճառել ինչպես բուժհաստատություն դիմող քաղաքացիներին, այնպես էլ շտապօգնության ծառայությանը։